Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Ինքնակազմակերպու՞մ, թե՞ ինքնաոչնչացում

Ինքնակազմակերպու՞մ, թե՞ ինքնաոչնչացում
08.11.2026 | 11:38

Սիրելի՛ հայ ժողովուրդ, քո ձեռքերում են քո փրկությունը, քո ճակատագիրն ու քո արժանապատվությունը։
«Պետությունը կարելի է համեմատել նավի հետ, իսկ ժողովրդին՝ ջրի. ջուրը կարող է նավն անվտանգ տեղափոխել, կարող է և խորտակել». Սուն Ցզի, չինացի հին ստրատեգ և մտածող (մ.թ.ա. 544–496 թթ.):
Եվ դո՛ւ, սիրելի՛ ժողովուրդ, մի՞թե այն աստիճան ես կորցրել խոհեմությունդ, որ քեզնից շատերը դեռ հավատում են մի իշխանության՝ շատ լավ իմանալով, որ այն ազգային չէ, ոչ մի կապ չունի քո ու քո երկրի շահի հետ և քեզ տանում է այնտեղ, որտեղ սպասվում են դաժան փորձություններ, որտեղ ապագադ մշուշոտ է ու անհեռանկար։ Իսկ դու, լինելով աշխարհի տաղանդավոր ազգերից մեկը, անհասկանալիորեն չես կարողանում ճիշտ կողմնորոշվել, ճանաչել օբյեկտիվ իրականությունը և դեռ տարիներ անց էլ դուրս չես գալիս այս մոլորությունից։
Եթե երկիրն այս ծանր վիճակից դուրս բերելու և փրկության համազգային համախմբման քաղաքական ուժերի փորձն այս անգամ էլ ձախողվի, եթե այդ ուժերը չկարողանան վեր կանգնել անձնական ամբիցիաներից, չկարողանան ազնիվ ու անկեղծ գտնվել և պետական-հանրային շահը վեր դասել անձնականից, և եթե մենք էլ չկարողանանք որպես ազգ ինքնակազմակերպվել, համերաշխություն հայտնել միմյանց, չցուցաբերենք պետական մտածողություն ու քաղաքական հասունություն և ակտիվորեն ու արժանապատվորեն չարձագանքենք այդ նախաձեռնությանը, ուրեմն մենք արժանի չենք հայրենիք ու պետություն ունենալու, աշխարհի ազգերի շարքում մեր արժանապատիվ տեղը զբաղեցնելու։
Եկատերինա Երկրորդ Մեծը գտնում էր, որ երկրագունդը հիվանդանոց չէ, և այնտեղ հիվանդներն ու թույլերն անելիք ու տեղ չունեն. այդպիսիներին ոտքերն առաջ են դուրս տանում։ Իսկ Հիտլերն էլ այն կարծիքին էր, որ երկրագունդը փոխանցիկ գավաթ է և տրվում է հաղթողին։
Անընդհատ մեր հայրենիքից կտոր-կտոր զիջելով մեր գոյությունը մի քիչ էլ հետաձգելը գոյատևման ամենևին էլ լավագույն ձևը չէ։ Նժդեհն ասում էր՝ զիջելը հանցագործություն է, դավաճանություն է, մանավանդ, որ զիջածդ հայրենիքն էլ սովորական չէ. Ավետյաց է, հրաշքների երկիր է, մարդկության բնօրրանն է։ Սամվել Կարապետյանի նախաձեռնած ու ստանձնած առաքելության ընձեռած պատմական հնարավորությունը չօգտագործելն էլ մեր կողմից գործած մեծագույն, կործանարար ու ճակատագրական սխալն ու մեղքը կարող է լինել։ Ուրեմն դա կնշանակի, որ մենք կորցրել ենք կարևոր մարդկային առաքինությունները՝ ազգային արժանապատվությունը, պայքարելու կամքը, ամաչելու հատկությունը, երախտագիտությունն ու պատասխանատվությունը մեզ ծնած ու սնած հողի նկատմամբ։ Ուրեմն մենք չունենք սկզբունքներ ու սրբություններ, և մեզնից շատերի հոգիներն ու սրտերն այն աստիճան են կուրացել փառքից ու շահից, իմաստությունն ու խոհեմությունն այն աստիճան են լքել մեզ, որ հաշտվել ենք այս խղճուկ վիճակի հետ և գնում ենք ինքնաոչնչացման։
Հիմա մենք մեր իսկ պատճառով կանգնած ենք համազգային խայտառակության՝ հայի ու հայկականության ոչնչացման փաստի առաջ։ Այս չարիքից ու աղետից դուրս գալու ելքը կարող էր լինել ԱԺ ընտրություններին համախմբվելը, մեր սկզբունքային դիրքորոշումն արտահայտելն ու պայքարելու կամք ցուցադրելը, սակայն դա տեղի չունեցավ։ Հիմա ամեն ինչ մեզնից է կախված, սիրելի՛ հայրենակիցներ, հիմա մենք ենք մեր միակ ու ամենահուսալի բարեկամը։
Հայը երբեմնի ազնվականության ու խիզախության խորհրդանիշն է եղել և իրավունք չունի հաշտվելու այս խղճուկ ու նվաստացած վիճակի, թույլ ու աղքատ Հայաստանի հետ. նա անպայման պարտավոր է ընտրել ուժեղ, հզոր ու արժանապատիվ Հայաստանը և տեղ գրավել աշխարհի բարձրակարգ ազգերի շարքում։ Մարդկությանը հայտնի չէ ազգերի կործանման այլ տարբերակ, քան ինքնաոչնչացումն է։
Սիրելի՛ հայ ազգ, դու պետք է վերածնվես, դու պետք է ապացուցես, որ կրողն ես քո ազնվական գեների, նախահայրն ես, նահապետն ես մարդկության։ Դու կրողն ես մարդկության գենի հիշողության նեյրոնների, դու պատասխանատվություն ունես մարդկության առաջ՝ աշխարհում թևածող չարիքից նրան ազատագրելու, փրկելու համար, ինչպես մայրն իր զավակների համար։ Դու միայն քեզ չես պատկանում, սիրելի՛ ժողովուրդ, և քո կործանումը կարող է արժենալ քեզնից սերված մարդկության կործանմանը։ Դու այն ես, ինչպես արմատը՝ ծառի, ինչպես հիմքը՝ շենքի համար։ Դու ժառանգորդն ես Տիգրան Մեծի, Մաշտոցի, Նարեկացու, Կոմիտասի, Նժդեհի։
Չեմ կասկածում, որ հայը պատվով է դուրս գալու այս վիճակից, այս մոլորությունից ու խայտառակությունից։ Հայի տաղանդի, վճռականության, կամքի, հայրենասիրության, խիզախության, պայքարի ու իմաստության արարչագործական անթեղված կրակը դեռ բոցավառվելու է, և հայ ժողովուրդը դուրս է գալու այս մղձավանջից ու դաժան փորձությունից։
Վերջում ցանկանում եմ մեր ժողովրդին դիմել երկու հայ հանճարների պատգամ-ցանկությամբ.
«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։
Եղիշե Չարենց
«Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
Իմ նո՜ր հայրենիք,
Հըզո՜ր հայրենիք․․․»
Հովհաննես Թումանյան

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու
Դիտվել է՝ 411

Մեկնաբանություններ